30 հոկտեմբերի 2019 - 10:48 AMT
ԱԳ նախարարն ու փոխվարչապետը՝ ԱՄՆ բանաձևի մասին. Կարևոր քայլ է ժխտողականության դեմ պայքարում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունելու համար։

«Շնորհակալություն ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։ Արդարությունն ու ճշմարտությունը համախմբվել են պատմական թիվ 296 բանաձևում։ Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Կարևոր ուղերձ ժխտողականության դեմ:

Խորին երախտագիտություն 405 քվեներից յուրաքանչյուրի համար:Սա խթան է նոր թափով աշխատելու զանգվածային վայրագությունները աշխարհի ցանկացած վայրում կանխարգելելու համար»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս անդրադարձել է քվեարկությանը՝ շնորհավորելով աշխարհասփյուռ հայրենակիցներին, հատկապես ամերիկահայ համայնքին, ովքեր սերնդեսերունդ պայքարել են այս օրն իրականություն դարձնելու համար: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սա հստակ ուղերձ է ամբողջ աշխարհին, որ մարդկության դեմ հանցագործությունները երբեք չեն մոռացվում և չեն մոռացվի, կարևոր քայլ պատմական արդարությունը վերականգնելու և ժխտողականության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև հարգանքի տուրք Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Այսպիսով ԱՄՆ-ն ևս մեկ անգամ վերահաստատում է իր հանձնառությունը համամարդակային արժեքներին, մարդու իրավունքների պաշտպանությանը և նոր ցեղասպանությունների կանխարգելմանը...Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին և բարեկամ ամերիկացի ժողովրդին», -ասվում է գրառման մեջ:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։