30 հոկտեմբերի 2019 - 11:35 AMT
BBC-ի ռուսական ծառայություն. Ինչու ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին բանաձև է ընդունել, որով ցեղասպանություն է ճանաչում հայերի 1915-ի կոտորածը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ մինչ այդ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանը զգուշացրել էր, որ դա կթունավորի քաղաքական մթնոլորտը Թուրքիայի և ԱՄՆ միջև:

Ինչպես գրում է պարբերականը բրիտանական Conciliation Resources կազմակերպության Հարավային Կովկասի գծով փորձագետ և Կովկասի ծրագրերի տնօրեն Լոուրենս Բրոերսի վրա հղումով, Ամերիկայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հսկայական խորհրդանշական նշանակություն ունի, սակայն, անմիջական ազդեցություն չի ունենա Պետդեպարտամենտի և ԱՄՆ դիվանագետների դիրքորոշման վրա:

Նա նշել է նաև, որ եթե նախկինում ցեղասպանության ճանաչումը ստորադասվում էր Թուրքիայի հարցում արտաքին քաղաքականության նկատառումներին, ապա այժմ Ներկայացուցիչների պալատը քվեարկել է բանաձևի օգտին՝ նույն այդ նկատառումներից ելնելով:

«Սակայն, ԱՄՆ-ի կողմից Ցեղասպանության ճանաչումը չի մոտեցնում վերջնանպատակին՝ Թուրքիայի պատրաստակամությանը քննադատաբար մոտենալու սեփական պատմությանը: Իսկ այսօրվա աշխարհաքաղաքական ենթատեքստում բանաձևի ընդունումը կարող է դիտարկվել որպես Թուրքիային պատժելու փորձ»,-ասել է փորձագետը:

Իր հերթին BBC-ի թուրքական ծառայության լրագրող Իրեմ Քոքերը նշել է, որ «Թուրքիայի հանդեպ աճող թշնամանքն ԱՄՆ Կոնգրեսում սկսվեց դրսևորվել Սիրիա թուրքերի ներխուժումից հետո, որն ուղղված էր քրդերի դեմ»:

Պարբերականը նաև նշում է, որ Անկարան չափազանց բացասաբար է արձագանքում Ցեղասպանության ճանաչմանը: Քվեարկության նախաշեմին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Ղըլիչը կոչ էր արել կոնգրեսականներին հրաժարվել բանաձևն ընդունելու մտադրությունից և սպառնալիքի տակ չդնել Թուրքիայի և ԱՄՆ գործընկերությունը, որոնք կապված են ռազմական դաշինքով ՆԱՏՕ-ի շրջանակում:

Քոքերը կարծում է, որ իրականում այդ բանաձևի ընդունումը հազիվ թե էական ազդեցություն ունենա երկկողմ հարաբերությունների վրա: Վաշինգտոնում Մերձավոր Արևելքի ինստիտուտի գիտաշխատող Գյունեյ Յիլդիզը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե շատ վատթարանան քվեարկության պատճառով, քանի որ առանց այդ էլ այնքան ցածր մակարդակում են, որ Ցեղասպանության ճանաչումը միայն կդանդաղեցնի դրանց վերականգնումը:

«Ամերիկյան զորքերի դուրսբերումը Սիրիայից մի մեծ նվեր էր Էրդողանին, սակայն նույնիսկ դա չնպաստեց ԱՄՆ և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը,-ասել է Յիլդիզը:

ԱՄՆ Կոնգրեսի ստորին՝ Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։