30 հոկտեմբերի 2019 - 12:44 AMT
Թանկյան. Ցեղասպանությունը չպետք է օգտագործվի բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար

System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեկնաբանել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը՝ շնորհակալություն հայտնելով քվեարկության արդյունքների համար:

«Շնորհակալ եմ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին ԱՄՆ պատմությունը և Հայոց ցեղասպանությունը պատշաճ կերպով բնութագրելու համար` ի հիշատակ իմ նախնիների և նրանց բոլոր զոհված հարազատների: Ցեղասպանությունը երբեք չպետք է օգտագործվի քաղաքական նպատակահարմարության կամ բռնապետին ավելի շատ ուղղաթիռներ վաճառելու համար: Սա Թուրքիայի համար ավելի կդժվարացնի ԱՄՆ պետքարտուղարության հետ այս հարցովխաղալը, չնայած վստահ եմ՝ նրանք կփորձեն: Կարևոր է, որ կան տնտեսական պատժամիջոցներ՝ կապված Սիրիա Թուրքիայի ապօրինի ներխուժման հետ: Հաջորդը Սենատի բանաձևն է»,- գրել է նա:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 296 բանաձևը։ Դրան կողմ է քվեարկել 405 կոնգրեսական, դեմ՝11, ձեռնպահ՝ 3։