30 հոկտեմբերի 2019 - 13:05 AMT
Գևորգ Պետրոսյան. ՍԴ ամենամեծ ճգնաժամն ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ամենամեծ ճգնաժամը ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն է:

«Ո՞վ է ասում, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա. այն դատավո՞րը, որն ընդհանրապես չի մասնակցում նիստերին»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

«Հավատացեք՝ այդ անձի դեմ ոչինչ չունեմ, ոչ մի անգամ չենք առնչվել, ատելություն չունեմ։ Իմ ատելությունը նրա կեցվածքն է։ Մարդը չի մասնակցում նիստերին, պետական բյուջեից ստանում է աշխատավարձ, խրախուսումներ։ Բայց եթե դատավորը չի մասնակցում դատարանի աշխատանքներին, ինչի՞ համար է խրախուսվում։ Եթե երկակի ստանդարտները մեր երկրում չեն վերանալու, ոչնչի չենք հասնելու։ Ոչ մի նիստի չմասնակցող դատավորը բարոյական իրավունք չունի քննադատել ՍԴ աշխատանքը», - իր վրդովմունքն արտահայտեց Գևորգ Պետրոսյանը։

Վահե Գրիգորյանը հունիսի 20-ին ընտրվել է ՍԴ դատավոր և չի մասնակցել որևէ նիստի: Գրիգորյանը նաև չի զբաղվում իրեն մակագրված գործերով։

Վերջին շրջանում ԶԼՄ-ները բազմիցս հայտնել են, որ Վահե Գրիգորյանը բոյկոտում է ՍԴ աշխատանքը, սակայն, աշխատավարձ է ստանում, նաև պարգևավճարներ, աշխատասենյակ և աշխատակազմ ունի: Վահե Գրիգորյանն ունի ծառայողական մեքենա, ամսական 793,000 դրամ աշխատավարձ, ամսական 240 լիտր բենզինի կտրոն:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը լրատվամիջոցների հարցմանն ի պատասխան, հայտնել էր, որ Վահե Գրիգորյանը չի մասնակցել ՍԴ որևէ նիստի, այդ թվում՝ 10 դատաքննության, որոնցով առկա չի եղել մասնակցության անհնարինության հարց։