30 հոկտեմբերի 2019 - 17:14 AMT
ՀԲՃ. «Լիդիան Արմենիա» ընկերության ջրօգտագործման հայտը մերժվել է

Շրջակա միջավայրի նախարարությունից «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությանը հայտնել են, որ նախարարի 2019թ. հոկտեմբերի 25-ի 353Ա հրամանով մերժվել է Ամուլսարում հանքավայրի շահագործման համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման հայտը։

Ընկերությունը դիմել էր նախարարությանը Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքի վարչական տարածքում արդյունաբերական նպատակով Դարբ գետից 40լ/վրկ ջրառի ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար։ ՀԲՃ-ն՝ այլ քաղաքացիների և մասնագետների հետ միասին, մասնակցել էր թույլտվության նախագծի քննարկմանն ու այդ առնչությամբ դիտողություններ և առարկություններ էր ներկայացրել նախարարին՝ հստակ ներկայացնելով այն մասնագիտական փաստարկները, որոնց հիման վրա այդ հայտը պետք է մերժվեր։

Նախարարի հրամանում մասնավորապես նշված է, որ հայտի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դարբ գետից և դրա ջրահավաք ավազանում կան նաև այլ ջրօգտագործողներ։ Փաստացի վիճակը պարզելու համար նախարարությունը հոկտեմբեր ամսին իրականացրել է Դարբ գետի՝ ընկերության կողմից հայցվող ջրառի կետի հատվածում գետային հոսքի ուսումնասիրություն, որի արդյունքում պարզվել է, որ գետի փաստացի հոսքը չի գերազանցում հոկտեմբեր ամսվա համար հաշվարկված Դարբ գետի բնապահպանական թողքը (150 լիտր վայրկյան)։ Համաձայն ՀՀ ջրային օրենսգրքի 5-րդ հոդվածի 24-րդ մասի՝ «էկոլոգիական թողքերի հաշվին ջրօգտագործողների պահանջների բավարարումն արգելվում է»։ Իսկ համաձայն նույն օրենքի 30․1-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ջրօգտագործման թույլտվության հայտը մերժվում է, «եթե ջրային պաշարները բավարար չեն ջրօգտագործման թույլտվություն տալու համար, կամ պահանջվող ջրօգտագործման թույլտվությունը չի բավարարում ջրի ազգային պաշարի պահպանման պահանջները կամ ջրերի ստանդարտները», ասվում է ՀԲՃ հաղորդագրության մեջ:

Հիմք ընդունելով այն փաստը, որ Դարբ գետի ազատ հոսքը բավարար չէ հայցվող ջրօգտագործման համար՝ նախարարը հրամայել է մերժել գետից տարեկան 1,244 միլիոն խորանարդ մետր 360 օր 24 ժամյա ռեժիմով արդյունաբերական նպատակներով ջրառ իրականացնելու համար «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացրած ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։

Օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին: Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի եւ աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:

Ընկերությունը դատարան էր դիմել 2018 թվականի սեպտեմբերի 20-ին, պահանջելով իրապահ մարմիններից վերականգնել հասարակական կարգը և հեռացնել ճանապարհներն արգելափակած՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ցուցարարներին և ազդակիր համայնքների բնակիչներին:Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է 2018-ի հունիսի 22-ից:

Ավելի վաղ ՀՀ կառավարության որոշել է պետական բյուջեից մոտ $370,000 գումար հատկացնել Ամուլսարի հանքի փաստաթղթերի փորձաքննության գործում ներգրավված միջազգային ընկերությանը։ Կառավարությունից հայտնել էին, որ փորձաքննությունը կավարտվի ընթացիկ տարվա մայսի ամսին: