31 հոկտեմբերի 2019 - 10:40 AMT
ՄԻԵԴ. Հայաստանը ԲՀԿ նախկին պատգամավորին կվճարի € 259,000

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է «Հակոբյանն ու Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով րպես վնասի փոխհատուցում 3 ամսվա ընթացքում վճարել ընդհանուր €259,000: Այս մասին հայտնում է Panorama.am-ը՝ հավելելով, որ ՄԻԵԴ-ը արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (Սեփականության պաշտպանություն) խախտում։

Ըստ վճռի՝ 2007-ի մարտի 27-ին ամուսիններ Վերսանդիկ Հակոբյանն ու Հեղինե Ամիրխանյանը սեփականության իրավունքին վերաբերող գործը ներկայացրել էին ՄԻԵԴ։ Նշվում է, որ ամուսինները համատեղ ունեցել են 222 քմ մակերեսով հողամաս և 124.52 քմ մակերեսով տուն Երևանի կենտրոնում: Դիմումատուներն այս գույքը գնել են 2001 թվականի հոկտեմբերի 23-ին՝ 84,4 մլն ՀՀ դրամով:

2000-ին Հյուսիսային պողոտան կառուցելու ՀՀ կառավարության ու քաղաքապետարանի համապատասխան որոշումներով այս տարածքը հայտնվել է հանրային գերակա շահի տարածքում ու 2005-ին դրա դիմաց որպես փոխհատուցում առաջարկվել է մոտ 55 մլն դրամ, ինչը չի բավարարել դիմումատուներին։ Ներպետական ատյաններով անցնելով՝ գործը 2007-ին հասել է ՄԻԵԴ։ Դիմումատուները ՄԻԵԴ-ում պահանջել էին որպես նյութական վնաս փոխհատուցել ընդհանուր մոտ € 880,000։ Վերսանդիկ Հակոբյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր էր 2007-2012 թվականներին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից։