31 հոկտեմբերի 2019 - 11:44 AMT
Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են կենգուրուներին

Երևանի կենդանաբանական այգում շները հոշոտել են երեք կենգուրուների: Տեղեկությունը հաստատել է կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, հայտնում է «Հայկական ժամանակը»:

Նա նշել է, որ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Միջին չափի երեք շուն հարձակվել են կենգուրուների վրա և կերել դրանց: «Շները շատ մեծ չէին, բայց պահակները չէին հասցրել կանխել կատարվածը: Այս պահին շները մեզ մոտ են պահվում»,- ասել է նա: Այգու ղեկավարությունը դիմել է համապատասխան մարմիններին՝ շներին այնտեղից տանելու համար:

Նա հերքել է տեղեկությունը, որ այգու պահակը սատկացրել է կենգուրուների վրա հարձակված շներից մեկին:

Երևանի կենդանաբանական այգին պարզաբանում է տարածել մամուլում տարածված տեղեկությունների մասին, որ այս գիշեր շները հոշոտել են կենգուրուների:

«Հոկտեմբերի 31-ի լույս առավոտ, ժամը 05:00-ի սահմաններում Երևանի կենդանաբանական այգու տարածք են ներթափանցել թվով 5-6 թափառող շներից բաղկացած ոհմակ, ամենայն հավանականությամբ քաղաքի Նոր Նորք զանգվածից:Ոհմակի հարձակման արդյունքում գրանցվել է Երևանի կենդանաբանական այգում պահվող թվով 3 (երեք) կարմրավիզ կենգուրուների անկում, թեպետ շներից 3-ին հաջողվել է բռնել և առանձնացնել: Կենդանաբանական այգու անձնակազմը ահազանգել է Թափառող շների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ՝ շներին ըստ ՀՀ օրենսդրության վնասազերծելու և տարածքից տեղափոխելու նպատակով:

Տեղում ժամանել են Երևանի կենդանաբանական այգու մասնագիտացված անձնակազմը՝ կենդանաբույժների և կենդանաբանների թիմը, սակայն կենգուրուներին հնարավոր չի եղել փրկել: Արու կենգուրուները ժամանել էին 2018թ. հունիսին՝ Մոլդովայի հանրապետությունից, Քիշնևի կենդանաբանական այգուց նվիրատվության սկզբունքներով և պատրաստվում էին միանալ Ամստերդամի կենդանաբանական այգուց 2019-ի դեկտեմբերին ժամանող էգերի խմբին՝ հետագա բազմացման նպատակով»,-ասվում է կենդանաբանական այգու պարզաբանման մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2011-ից ցայսօր Երևանի կենդանաբանական այգի թափառող շների մուտքի արդեն 3-րդ դեպքն է,ինչը այգու ողջ տարածքի ցանկապատման բացակայության հետևանք է, որ հնարավորություն է տալիս թափառող շներին և այլ կենդանիներին (աքիսներ, աղվեսներ և այլն) անարգել մուտք գործել և դուրս գալ այգու տարածքից:

Խնդիրը գտնվում է Երևանի կենդանաբանական այգու հիմնադրի՝ Երևանի քաղաքապետարանի ուշադրության ներքո և արդեն այս տարի Երևանի քաղաքապետարանի կողմից սկսվել է այգու ողջ տարածքի պարսպապատման գործընթաց այգու անվտանգության ապահովումը իրականացնելու նպատակով: