31 հոկտեմբերի 2019 - 12:06 AMT
Թերհամալրված դպրոցների ֆինանսավորման կարգը կարող է փոխվել

Դպրոցների ֆինանսավորման կարգը, որն ընդունվել է դեռևս 2001-ին, կփոխվի: Այդ մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ներկայացնելով որոշման նախագիծը:

Նախարարն առաջարկել է թերհամալրված դպրոցների համար ֆինանսավորման նոր կարգ սահմանել, որի համաձայն՝ ուսուցիչները մեկ դրույքի համար կստանան ֆիքսված գումար, և նրանց աշխատավարձը կախված չի լինի դպրոցի ֆինանսավորումից։

Գործող կարգով դպրոցները ֆինանսավորվում են ըստ աշակերտների թվի։ Հարությունյանն ասել է, որ ժամանակին դա արվել է դպրոցների միջև մրցակցությունը խթանելու համար, սակայն արդյունավետ չի եղել գյուղական համայնքներում, որտեղ միայն մեկ դպրոց կա։ Ուստի այդ դպրոցների թերհամալրվածության պատճառով այդ դպրոցների հասանելիք գումարն ավելացվել է զարտուղիներով։

Այն դպրոցները, որոնք շատ աշակերտներ ունեն և ստանում են շատ ֆինանսավորում, կարողանում են ավելի բարձր աշխատավարձ վճարել ուսուցիչներին։