31 հոկտեմբերի 2019 - 13:26 AMT
Սինանյան. «Հայաստան-Սփյուռք» չարաբաստիկ անունը գուցե փոխվի, բայց համաժողովներ կանցկացվեն

Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը 2020թ. նախատեսում է 3 համաժողով անցկացնել: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարել է Զարեհ Սինանյանը:

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք նախկին փորձը բավարար չէր հասկանալու համար, որ դրանք անարդյունավետ են լինում, որն է շարունակելու նպատակը՝ Սինանյանն ասել է, որ«Հայաստան-Սփյուռք» համաժողովի, որը չարաբաստիկ անուն ունի, կապվում է նախկինի հետ, անունը միգուցե փոխվի, բայց այն նշված է որպես սփյուռքի հետ հիմնական ծրագիր, հայտնում է Shantnews.am-ը:

«3 համաժողով ենք անցկացնելու: Համաժողովները հիմնականում անարդյունավետ են եղել, ըստ իս, որովհետև իրենց առջև դրված նպատակներն արդյունք ապահովելը չի եղել, եղել են ֆորմալ, եղել են սփյուռքի հետ հարաբերությունների իմիտացիա ստեղծող: Մենք ձևավորելու ենք օրակարգ, որը բերելու է կոնկրետ չափելի արդյունքների»,-ասել է նա:

Սինանյանը հավելել է, որ ստեղծվելու է սփյուռքյան խորհուրդ: «Սփյուռքյան խորհրդի ստեղծումը, եթե դա լինի մեր համաժողովի միակ թեման և ընդհանուր հայտարարի գանք, թույլ կտա ունենալ ամենաարդյունավետ համաժողովը»,- ասել է Սփյուռքի հարցերով հանձնակատարը: