ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ հավելելով Անահիտ Ֆարմանյանը նախաքննության ընթացքում խուսափել է ներկայանալ վարույթն իրականացնող մարմին և չի հայտնել չներկայանալու հարգելի պատճառների մասին:
ՀՔԾ հաղորդմամբ՝Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանին անձնական երաշխավորություն ստանձնած ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը հայտնել են, որ Անահիտ Ֆարմանյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն չունեն և չեն կարող ապահովել նրա ներկայանալը Հատուկ քննչական ծառայություն:
Նոյեմբերի 1-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:
Հոկտեմբերի 31-ին Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Նույն օրը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց անձնական երաշխավորությունը վերացվել էր: