4 նոյեմբերի 2019 - 10:58 AMT
Փաշինյան. Քրգործերով անցնող գեներալներ կան, քանի որ օրենքի առաջ բոլորը հավասար են

ՀՀ-ում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն և կան քրեական գործեր, որոնցով անցնում են գեներալներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի՝ «Զրույց քաղաքացու հետ։ Շահարկումներ Ղարաբաղի հարցում» վերնագրված ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակն ու գեներալիտետը թուլացնելու մասին լուրերին: «Մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, այնպիսի իրավիճակ, որ գեներալական, նախարարական կամ որևէ կարգավիճակ մեզ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել, սակայն այս համատեքստում ուզում եմ արձանագրել, թե այս 1,5 տարվա ընթացքում ինչ վերաբերմունք է ձևավորվել զինվորականների նկատմամբ»,-ասել է Փաշինայնը:

Վարչապետը նշել է, որ այս ընթացքում վերականգնվել է ՊՆ նախկին ղեկավար Վաղարշակ Հարությունյանի՝ գեներալի կոչումը, մի շարք զինվորականների ևս տրվել են գեներալի կոչումներ, այդ թվում՝ ՀԱՊԿ նախկին քարտուղար, Մարտի 1-ի գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովի որդուն, ում կոչում շնորհվել է կատարած աշխատանքը գնահատելով:

Փաշինյանը շեշտել է, որ 1,5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը նյութական աջակցություն է ցուցաբերել Արցախի Հանրապետությանը և տեղի գեներալիտետին, Պաշտպանության բանակին և նշել, որ առաջիկայում մանրամասն կխոսի այն մասին, թե ինչ նյութական օգնություն է ՀՀ կառավարությունը հատկացրել Արցախի կառավարությանը:

2018-ի հուլիսին ՀՀ քննչական ծառայությունը ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրել 2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու համար (ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդված), նույն հոդվածով 2019թ–ի հունվարի 14–ին մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։