4 նոյեմբերի 2019 - 13:03 AMT
ՀՅԴ. ԿԳՄՍ նախարարը պետք է հրաժարական տա մինչև նոյեմբերի 7-ը

ՀՅԴ ՀԵՄ-ի Կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել՝ պահանջելով, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը հաժարականի դիմում ներկայացնի մինչև նոյեմբերի 7-ին նախատեսված կառավարության հերթական նիստը: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի կողմից`

դպրոցական ծրագրից Հայոց եկեղեցու պատմություն առարկայի դուրս բերումը

բուհական ծրագրում Հայոց լեզու, Հայ գրականություն և Հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելու առաջարկը

ԿԳՄՍ նախարարության կողմից հատկացվող ֆինանսավորման առաջնահերթությունները (օրինակ` Հայաստանի Հանրապետությունից արտագաղթած, օտար պետությունում ապաստան հայցած և սեռափոխ եղած անձի մասին ֆիլմի նկարահանման նպատակով 20 մլն դրամի հատկացումը)

թեմայի շուրջ տրված հարցազրույցներն ու մեկնաբանությունները փաստեր են, որոնք խոսում են նախարարի` մեր` հայկական ինքնության հիմքը կազմող ազգային արժեքների նկատմամբ ունեցած ոչ պատշաճ, հաճախ անհարիրի ու անթաքայուց հեգնական վերաբերմունքի մասին»:

Նշվում է, որ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը անթույլատրելի է համարում սեփական հայրենիքի պատմության և սեփական ժողովրդի էության հիմք հանդիսացող արժեքների նկատմամբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նման վերաբերմունքը և պահանջում է վերջինիս հրաժարականը:

«Արայիկ Հարությունյանի պաշտոնավարման շարունակություը վտանգի տակ է դնում հայկական կրթական համակարգի, հայկական գիտության, հայկական մշակույթի և հայկական սպորտի ապագան ուստի մեր հետագա քայլերը բխելու են այս տրամաբանությունից», - ասված է հայտարարությունում։