5 նոյեմբերի 2019 - 10:33 AMT
Կաշառք վերցնելու փաստով երկու ոստիկան է ձերբակալվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչն ու տեսուչը ձերբակալվել են կաշառք վերցնելու փաստով: Այս մասին հաղորդում են ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը և նույն բաժանմունքի տեսուչներից մեկը, հետաքննիչի հետ բանակցելուց հետո, քաղաքացուց որպես կաշառք պահանջել են $200, ապա սակարկությունների արդյունքում պայմանավորվել են 50,000 դրամի շուրջ։

Նոյեմբերի 4-ին Ազատության պողոտայում որպես կաշառք պահանջված 50,000 դրամը ստանալուց անմիջապես հետո համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը բռնվել ու բերման է ենթարկվել ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն։ Անձնական խուզարկությամբ՝ հայտնաբերվել է կաշառքի առարկա հանդիսացող 50․000 դրամը։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել և ուղարկվել ՀՔԾ՝ հետագա քննության։ Նախաքննությունը շարունակվում է։