5 նոյեմբերի 2019 - 12:51 AMT
ՏԱՍՍ. ՊՆ-ն ORSIS-ին առաջարկել է զենքի պայմանագրի հարցը լուծել ոչ պաշտոնապես

Հայաստանի ՊՆ-ի հայտարարած գնումների մրցույթին մասնակցած ռուսական ORSIS ընկերությունը, որի հետ պայմանագիրը չի կնքվել, հայտարարել է, որ ՀՀ ՊՆ-ից երկխոսության պաշտոնական հրավեր չեն ստացել:

«Պրոմտեխնոլոգիա» կոնցերնը (դիպուկահար հրացանների արտադրող ORSIS) ոչ պաշտոնական առաջարկներ է ստացել ՀՀ պաշտպանության նախարարությունից սպառազինության խմբաքանակի առաքման չկայացած պայմանագրի շուրջ հարցերը կարգավորելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը ORSIS-ի ներկայացուցչի վրա հղումով: Նաև «ընկերությանը ոչ պաշտոնապես դիմում էին անձինք, որոնք, իբր, առնչություն ունեին ՀՀ ՊՆ-ի հետ»:

«Մենք ոչ պաշտոնական հրավերներ էինք ստանում ՀՀ ՊՆ-ից՝ գալ և նստել բանակցությունների սեղանի շուրջ: Եղել են նաև ՊՆ-ին մոտ կանգնած ոմն անձանց կողմից ոչ պաշտոնապես դիմելու փորձեր: Կարծում ենք, որ այս դեպքում դա ոչ կոռեկտ է և անթույլատրելի՝ երկխոսությունը պետք է պաշտոնական լինի»,-ասել են ընկերությունում:

«Պրոմտեխնոլոգիայում» հույս են հայտնել, որ գործը դատական կարգավորման չի հասնի: Ընկերությունում հիշեցրել են, որ որպես բողոքի նշան խոշոր խմբաքանակի սպառազինության փակ մրցույթի մասնակիցների ցանկից ընկերությունը հանելու դեմ, նամակ է ուղարկվել ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանի անունով:

«Ամենավրդովեցնողն այն է, որ բոլոր նախորդ գործողություններից հետո մեզանից փորձում էին ապօրինի գանձել բանկային երաշխիքը, որի իրավունքը պաշտպանության նախարարությունը չունի: Մենք մի քանի պաշտոնական նամակ ենք գրել նախարարին՝ հանդիպման խնդրանքով, սակայն ոչ մի պաշտոնական պատասխան չենք ստացել: Տեսականորեն, նույնիսկ եթե համարենք, որ ՊՆ-ն ինչ-ինչ պատճառներով որոշել է մեզ հանել մասնակիցների ցանկից, բանկային երաշխիքի հետ կապված պատմությունն ուղղակի անհեթեթ է»,-ասել է ընկերության ներկայացուցիչը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ունիկում Ինժիներինգ» ՍՊԸ-ն, որը տարիներ շարունակ ՀՀ պաշտպանության նախարարությանը մատակարարել է գիշերային տեսադիտման հատուկ սարքեր, բացահայտել և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին է փոխանցել ORSIS ընկերության առաջարկած գիշերային տեսադիտման սարքերի և ջերմատեսիլ նշանոցներում առկա տեխնիկական խնդիրները: Մասնավորապես, նշվում է, որ ORSIS-ը ռազմականի փոխարեն ՊՆ-ին փորձել է մատակարարել որսորդական տեսադիտման սարքավորումներ, ինչը զինվորների կյանքի համար կարող է սպառնալիք լինել, քանի որ ռազմական տեսադիտման սարքավորումները զինվորներին քողարկելու կարևորագույն ֆունկցիա ունեն, ինչը բացակայում է որոսորդականների մոտ:

Նոյեմբերի 4-ին ԱԺ-ում պատասխանելով ORSIS-ի հետ կապված հարցին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ հանցավոր արարք է եղել, բայց թե ում կողմից և ինչ ծավալի՝ կպարզեն քննչական մարմինները։

2019-ի օգոստոսին պաշտպանության նախարարությունը հրաժարվել է ընդունել ORSIS-ի մի քանի միլիոն դոլարի գիշերային տեսադիտման հատուկ սարքերը: Արդյունքում ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը դիմել էր ՀՀ քննչական կոմիտե, ինչի հիման վրա քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության («Ծառայության նկատմամբ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը») հատկանիշներով