5 նոյեմբերի 2019 - 13:07 AMT
Սիմոնյան. ՀՀ ուղղությամբ կրակոցների հարցը ՀԱՊԿ-ում բազմիցս բարձրացրել է նաև նախկին իշխանությունը

ՀՀ ուղղությամբ հակառակորդի կրակոցների հարցը բազմաթիվ անգամ է բարձրացվել ՀԱՊԿ-ում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ դա արվել է ոչ միայն ներկա, այլև նախկին իշխանությունների կողմից, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստից հետո լրագրողներիի հետ զրույցում Կոնստանտին Զատուլինն ասել է, որ ՀՀ-ն չի դիմել ՀԱՊԿ՝ Ադրբեջանի կողմից վերջերս Տավուշում տեղի ունեցած կրակոցների կապակցությամբ՝ Սիմոնյանն արձագանքել է՝ կդժվարանա պատասխանել՝ ՀՀ-ն այդ հարցով դիմե՞լ է, թե ոչ, «Ես ձեզ վստահեցնում եմ՝ այդ հարցը բարձրացվում է և բազմիցս», - ասել է ԱԺ փոխխոսնակը։

«Այդ կրակոցները նոր չեն, այդ հարցը բազմաթիվ անգամ բարձրացվել է: Այսօրվա նիստերի ընթացքում էլ, ենթադրում եմ, որ այդ հարցին անդրադարձ կլինի, բայց գիտե՞ք մի քիչ զարմանալի է, որ մենք պետք է այդ մասին անընդհատ ասենք ու անընդհատ նշենք, որ ինչ-որ տեղից արձագանք լինի, այն էլ՝ այդ կառուցի կողմից», - ասել է Սիմոնյանն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ նպատակը հենց կրակոցները կանխելն է:

Հոկտեմբերի 3-ին հակառակորդի կրակոցից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։Ադրբեջանական կողմի կրակոցից հոկտեմբերի 2-ին Տավուշում աշխատանքներ կատարող տրակտորի վարորդ է վիրավորվել: Վարորդը վիրավորում ստացել է որովայնի շրջանում, տեղափոխվել է հիվանդանոց։