5 նոյեմբերի 2019 - 15:49 AMT
Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

ԵԿՄ վարչության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է: Պաշտպանները նման միջնորդությամբ էին հանդես եկել՝ նշելով, որ Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում:

Պաշտպանական կողմը դատարանին էր դիմել Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխելու միջնորդությամբ, հայտնում է Shantnews.am-ը:

Թեպետ բժշկական փորձաքննության արդյունքները ցույց էին տվել, որ Գրիգորյանի առողջական վիճակը չի խոչընդոտում, որ նա ներկա լինի դատական նիստերին, այդուհանդերձ, նոյեմբերի 5-ին նա դարձյալ ներկա չէր դատական նիստին. բժիշկները թույլ չէին տվել:

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: