5 նոյեմբերի 2019 - 18:16 AMT
Հունաստանի նախագահը խոստացել է նպաստել ԵՄ-ՀՀ վիզաների չեղարկման արագացմանը

Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին խոստացել է, որ Հունաստանը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի արագանա Հայաստանի համար Եվրոպական Միության հետ մուտքի արտոնագրի ազատականացման գործընթացը: Այս մասին, «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, Հայաստանի և Հունաստանի նախագահների մամուլի համատեղ ասուլիսի ընթացքում հայտնել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

«Խոսեցինք մեր քաղաքացիների համար ԵՄ մուտքը պարզեցնելու մասին, որպեսզի մուտքի արտոնագրերը սովորական քաղաքացիների համար ազատականացվեն, և իմ լավ բարեկամը` պարոն նախագահը, խոսք տվեց, որ իրենք հնարավորը կանեն, որպեսզի այդ գործընթացն արագանա»,- նշել է Սարգսյանը:

Նոյեմբերի 5-ին Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը տիկնոջ՝ Վլասիա Պավլոպուլուի հետ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այց են կատարել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: