6 նոյեմբերի 2019 - 13:24 AMT
Վարչապետ. 2019-ին նախորդ տարվա համեմատ 38.3%-ով ավելի ՀԴՄ է տպվել

2019-ի տասը ամիսների տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է տպագրվել 97 միլիոն 858 հազար 593 ՀԴՄ կտրոն. աճը 38.3 տոկոս: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ կտրոններով արձանագրված առևտրի շրջանառությունն աճել է 273 միլիարդ 887 միլիոն դրամով, որն առևտրի ընդհանուր շրջանառության 21.8 տոկոսն է:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր պարտաճանաչ տրամադրում են ՀԴՄ կտրոններ: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պարտաճանաչ պահանջում են ՀԴՄ կտրոններ: Նաև այս մարդկանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք զինվորականների, հրշեջների, ուսուցիչների աշխատավարձ բարձրացնել, թոշակներ բարձրացնել, մեր զինվորներին ապահովել բարձրորակ սննդով, ասֆալտապատել հարյուրավոր կիլոմետր ճանապարհներ:

Ստանում ենք բազմաթիվ ահազանգեր, որ շատ տեղերում շարունակվում է ՀԴՄ չտպելու արատավոր պրակտիկան: Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ չտրամադրողը և ՀԴՄ չպահանջողը մասնակցում են մի գործընթացի, որով փաստացի գողացվում են զինվորի, ուսուցչի, թոշակառուի վիճակը բարելավելու համար նախատեսված ֆինանսական միջոցները»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նաև, որ 2019 թվականի առաջին տասը ամիսների արդյունքներով տնտեսվարողներին վերադարձված ԱԱՀ-ն կազմել է 117 միլիարդ դրամ: