8 նոյեմբերի 2019 - 15:51 AMT
Զախարովա. Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ կարգավորմանն առնչվող հարցեր

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը Երևան կատարելիք պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ղեկավարության հետ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում:

Ըստ նրա Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

«Բանակցությունների ընթացքում ՌԴ ԱԳ նախարարը կքննարկի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, փոխգործակցությունը ԵՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ շրջանակում, դիրքորոշումների համակարգումը ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍԾՏՀԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում: Կողմերի ուշադրության կենտրոնում կլինի նաև տարածաշրջանային անվտանգությունը, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,-ասել է Զախարովան:

Նա հավելել է նաև, որ կողմերը մտադիր են ստորագրել 2020-2012թթ. ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պլանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, ռուսաստանցի մասնագետներին, այդ թվում ռազմական, կերաշխավորվի մուտքը Հայաստանի կենսաբանական լաբորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի միջոցներով: Համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին, երբ կայանալու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Երևան: