11 նոյեմբերի 2019 - 17:07 AMT
Սարգսյան. Լավրովը որպես ԱԳ նախարար մեծ ներդրում է ունեցել ՌԴ հետ բարեկամության ամրապնդման գործում

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հյուրընկալելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող ՌԴ արտաքին գործերի նախարարին և նրան ուղեկցող պատվիրակությանը, ընդգծել է, որ Սերգեյ ԼավրովնԱԳ նախարարի պաշտոնում մեծ ներդրում է ունեցել հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:

Ողջունելով հյուրին թե՛ որպես դաշնակից երկրի բարձրաստիճան պաշտոնյայի և թե՛ որպես վաղեմի բարեկամի՝ նախագահ Սարգսյանը նշել է , որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում:

Նախագահ Սարգսյանը հիշել է Լավրովի հետ իրենց առաջին հանդիպումը մոտ 25 տարի առաջ՝ Նյու Յորքում, երբ վերջինս զբաղեցրել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի պաշտոնը՝ շնորհակալություն հայտնելով նրան ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության դիվանագետներին ցուցաբերած աջակցության համար:

Հանրապետության նախագահը ՌԴ արտգործնախարարի միջոցով իր ջերմ ողջույնը և կրկին Հայաստանում տեսնելու պատրաստակամությունն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

ՌԴ արտգործնախարարը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր հերթին նախագահ Սարգսյանին է փոխանցել նախագահ Վլադիմիր Պուտինի լավագույն բարեմաղթանքները: «Դա վկայում է դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը բոլոր ոլորտներում խորացնելու մեր հաստատուն նպատակաուղղվածության մասին»,-ասել է Լավրովը, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Խոսելով համագործակցության հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը ներկայացրել է նախագահական նախաձեռնությունների շրջանակում հաջորդ տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվող մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ «Մտքերի հայկական գագաթնաժողովը», STARMUS 6-րդ միջազգային փառատոնը և կարևորել գործակցությունն այդ համատեքստում:

Հանրապետության նախագահը, մասնավորապես, անդրադարձել է ATOM նախագահական նախաձեռնությանը, որն ուղղված է Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանը: Ծրագիրը, ի թիվս այլ բաղադրիչների, նպատակ ունի տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան՝ մեր երկիրը դարձնելով արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոններից մեկը: «Ակնկալում ենք այս ծրագրի շրջանակում ակտիվ համագործակցություն նաև ռուսական ընկերությունների ու կրթական հաստատությունների հետ»,-ասել է Հայաստանի նախագահը:

ՌԴ ԱԳ նախարարը ողջունելի է համարել բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են երկկողմ շփումների ընդլայնմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: