12 նոյեմբերի 2019 - 17:43 AMT
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է հայ հոգևորականի և նրա հոր դաժան սպանությունը Սիրիայում

ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Ղամիշլիի Հայ կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը: Այդ մասին ասվում է ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Հոգևորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգևորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:

Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական ներխուժումը և դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային և կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին և ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն և ոգու ամրություն: Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:

Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի քահանայի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն: