12 նոյեմբերի 2019 - 18:06 AMT
ԿԱՐԾԻՔ
Մարկոս, Brigado!

Նա գոլ խփելիս համբուրում է Հայաստանի զինանշանը, իրեն համարում է հայ և խոսում է հայերեն: Մարկոս Պիզելին բոլոր բրազիլացիներից ամենաշատն է կապված Հայաստանի հետ և բազմաթիվ հայ ֆուտբոլիստներից ավելի շատ ջանք ու կյանք է դրել մեր ազգային հավաքականի հաղթանակների և առաջխաղացման համար:

11 տարի ընտրանիի կազմում խաղալուց հետո Մարկոսը հայտնել է թիմում կարիերան ավարտելու մասին: Բրազիլացի ֆուտբոլիստն այս ընթացքում Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 66 հանդիպում և խփել 11 գնդակ: Այսօր մեր պարտք ենք համարում ասել նրան՝ Brigado. շնորհակալություն։

Ի տարբերություն այլ լեգիոներների ու նաև սփյուռքահայ շատուշատ ֆուտբոլիստների, Պիզելին չի փայլել աշխարհի թոփ-ակումբներում ու, ընդհանուր առմամբ, բարդ ֆուտբոլային կարիերա ունի, սակայն մշտապես արել է իրենից կախված առավելագույնն ու ընդգծված սրտացավությամբ վերաբերվել թե՛ հավաքականին, թե՛ Հայաստանին, թե՛ երկրպագուին: Մարկոսն իրեն ոչ թե բրազիլացի է համարում, այլ՝ հայ: Ֆուտբոլիստը մեկ անգամ չէ, որ ասել է՝ սիրում է Հայաստանը և, չնայած հայերենի բարդությանը, սովորում է լեզուն:

2018-ին Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված Մարկոսը հասցրել է կապել նաև ազգային հավաքականի ավագի թևկապն ու դիպչել հայ ֆուտբոլասերների «սրտի նուրբ լարերին»:

Հայ երկրպագուների հաճախակի բողոքները, թե հավաքականի ֆուտբոլիստները չեն երգում Հայաստանի հիմնը, ամենաքիչը վերաբերում են հենց Մարկոսին: Որպես հայ և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ՝ նույն պատվախնդրությամբ նա նշել է՝ ամոթ կլիներ հայերեն չսովորելը, ամոթ էր 2018-ին Ջիբլարթարի հավաքականին պարտվելը:

Մարկոսը խաղում էր թիմի, հանդիսատեսի ու երկրի համար և փորձում գլխից բարձր թռչել անգամ այն խաղերում, երբ բոլորս սրտնեղում էինք հավաքականի մյուս տղաների թափթփվածությունից, անկազմակերպվածությունից ու թվացյալ ալարկոտությունից:

Բրազիլացիների մեջ՝ ամենահայ, հայերի մեջ՝ ամենաբրազիլացի։

Շնորհակալություն~

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net