13 նոյեմբերի 2019 - 11:36 AMT
«Արմավիր» ՔԿՀ-ի 3 աշխատակից ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 3 աշխատակից ձերբակալվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առնչությամբ:

Քրեակատարողական ծառայողների ներգրավմամբ և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ 2019-ի նոյեմբերի 12-ին ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 268-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և նախաքննությունը շարունակելու համար ենթակայության կարգով ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ փոխանցված քրեական գործով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներ են ձերբակալվել:

Ձերբակալվել են պահպանության ապահովման բաժնի երրորդ կարգի մասնագետներ, արդարադատության ավագ Ս․ Մ․-ն, ենթասպա Գ․ Գ․-ն և երկրորդ կարգի մասնագետ, արդարադատության ենթասպա Ս․ Գ․-ն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։