13 նոյեմբերի 2019 - 13:12 AMT
Վարդան Ղուկասյան. Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան

Օրենքով գողերի մշակույթը Հայաստանում վերացել է, իսկ նրանց դեմ օրենքը հատուկ քննարկման առարկա պետք է լինի: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամաբ, ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով քրեական ենթամշակույթը կրողների մասին օրենքի նախագծից:

«Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան: Ամենախելոքը օրենքով գողերն են, հիմի գողերն էլ են վերևը, մարդասպանն էլ են իրենք, ամեն ինչ իրենք են, ուղղակի գցել են էս մարդկանց վրա», - նշել է Ղուկասյանը՝ հերքելով, որ երբևէ համագործակցել է նման հեղինակությունների հետ, և դրա հետ մեկտեղ պնդելով՝ հարգում է «ճիշտ ապրելակերպ ունեցող» մարդկանց:

Ղուկասյանը չի բացառել, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»:

«Էս օրենքով վերցնենք նմանատիպ մարդկանց ուղարկենք գաղութ, պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասի՝ «սա գողական ա, արագ կարգով ներկայացրեք, թող բերեն գաղութ», այ այդպես բոլոր բանտերը կլցվեն: Անմեղ մարդկանց սրա անվան տակ կլցնեն բանտերը», - ասել է պատգամավորը:

Ղուկասյանը նաև հիշեցրել է, որ իր ղեկավարման ժամանակ Հայաստանի ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր

«Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով, որ որոշ մարդկանց ձեռք չէր տալիս այդ իրավիճակը, քանի որ վախ են ապրում այն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է: