2020 թվականի բյուջետային հատկացումները ռազմարդյունաբերության ոլորտում ավելացվել են մոտ 122 տոկոսով: Այդ մասին Ազգային ժողովում հաջորդ տարվա բյուջեն ներկայացնելիս հայտարարել է ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:
«Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը 2020-ի բյուջեով տրվող 12,5 միլիարդ դրամից 6,3 միլիարդն ուղղվելու է ռազմարդյունաբերության ոլորտին»,-ասել է նախարարը, հայտնում է Shantnews.am-ը։
Այդ ծախսերի մի մասը, ըստ նախարարի, ուղղվելու է գիտահետազոտական-փորձակոնստրուկտրորական աշխատանքներին, մյուս մասը՝ արտադրական կարողությունների զարգացմանը՝ հայկական ռազմարդյունաբերական արտադրանքը արտաքին շուկաներ հանելու նպատակադրվածությամբ։
«Այս նպատակներին հասնելու համար մշակվել է Հայաստանի բարձրտեխնոլոգիական զարգացման, ռազմարդյունաբերության զարգացման և թվայնացման 2020-2025 թվականների ռազմավարությունը, որը շուտով կհանձնվի հանրության դատին, արդեն իսկ շրջանառության մեջ է»,-նշել է Արշակյանը։