15 նոյեմբերի 2019 - 13:04 AMT
Արա Վարդանյանը կմնա կալանքի տակ

Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը դատարանի որոշմամբ կշարունակի մնալ կալանքի տակ։ Այդ մասին հայտարարել է Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանն իր մեջ ուժ չգտավ (ճիշտ էին, փաստորեն հուշում բազմաթիվ ընկերներս) բավարարել մեր կողմից ներկայացված բողոքն ու ազատ արձակել Հայաստան Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին։

Արա Վարդանյանը կշարունակի մնալ անազատության մեջ այն պայմաններում, երբ դրա համար օրենքով նախատեսված որևէ պայման ու հիմք գոյություն չունի, երբ նա մեկ տարի ու երեք ամիս լինելով մեղադրյալի կարգավիճակում որևէ կերպ չի խախտել իր նկատմամբ կիրառված խափանման միջոց գրավի որևէ պայման»,-գրել է Վարոսյանը ֆեյսբուքյան էջում։

2018-ի հուլիսի 2-ին Արա Վարդանյանը բերման էր ենթարկվել ԱԱԾ։ Ծառայությունը հայտնել էր, որ Վարդանյանը հիմնադրամի գումարները ծախսում էր օնլայն-խաղատներում, հետագայում՝ հետ մուտքագրում։ Վարդանյանին ազատել էին գրավի դիմաց։ Հունիսի 10-ին նա հրաժարական էր տվել, հայտարարելով, որ բոլոր գումարները ծախսվել են ըստ նշանակության։