15 նոյեմբերի 2019 - 13:37 AMT
Վազգեն Մանուկյան. Գարնանը քաղաքական դաշտ կմտնեմ

Հանրային խորհրդի նախկին նախագահ, ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է քաղաքական դաշտ վերադառնալու մտադրության մասին:

«ԱԺՄ(Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցությունը անպայման վերականգնելու եմ: Նախատեսում եմ, երևի, գարնան ամիսներին համագումար կանենք, և դա կնշանակի, որ արդեն մտել եմ քաղաքական դաշտ», - ասել է Մանուկյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով դիտարկումներին, թե ինքը հանդիպում է տարբեր քաղաքական գործիչների հետ, այդ թվում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահի հետ, Մանուկյանն ասել է, որ ինքը հանդիպում է բոլորի հետ:

«Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն ուզի: Մեջներիցդ հանեք, որ կա չար դաշտ ու վախենաք այդ դաշտին մոտենալ: Բոլոր այդ մարդկանց մեջ կա սպիտակ և սև, բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ և բազմաթիվ սխալներ», - ասել է նա:

Նոյեմբերի 15-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել «Վերնատուն» հասարակական–քաղաքական ակումբի համաժողովը:«Վերնատուն» ակումբի նախաձեռնողը Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է:Համաժողովին հրավիրվել են քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։