15 նոյեմբերի 2019 - 16:15 AMT
Դեսպան. ԱՄՆ-ն դեմ չէ, որ ռուս փորձագետներն այցելեն լաբորատորիաներ

ԱՄՆ-ն դեմ չէ, որ ամերիկյան ֆինանսական միջոցներով ՀՀ-ում վերազինված կենսաբանական լաբորատորիաներ մոտ ապագայում կարողանան մուտք գործել ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներն ու մասնագետները: Այդ մասին ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ մեկնաբանելով պաշտոնական հայտարարությունները, որ Երևանն ու Մոսկվան շուտով ստորագրելու են հուշագիր՝ այդ լաբորատորիաները ՌԴ առողջապահության և ռազմական ոլորտի մասնագետների առջև բացելու համար, հայտնում է Civilnet-ը»:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խնդիր չի տեսնում այս ոլորտում Հայաստանի ու Ռուսաստանի համագործակցության հարցում: «Մենք հպարտ ենք Հայաստանի կառավարության հետ կենսաբանական անվտանգության հարցերով համագործակցությամբ՝ դեռ 2008-ից: Այս լաբորատորիաները հենց այդ համագործակցության արդյունքն են»,- ասել է դեսպանը:

Այս կառույցները, ըստ նրա, հայկական լաբորատորիաներ են, այնտեղ աշխատում են հայ մասնագետներ և դրանք Հայաստանի վերահսկողության ներքո են: «Մենք այս համագործակցության հարցերում շատ թափանցիկ ենք եղել, և Հայաստանը որպես ինքնիշխան պետություն կարող է ինքը տնօրինել այս լաբորատորիաների հետ կապված ցանկացած աշխատանք»,- ասել է դեսպան Թրեյսին:

Ռուսաստանը «իր սահմանների մոտ ռազմական բժշկակենսաբանական ակտիվության» համար բազմիցս քննադատել է ԱՄՆ-ին և խոստացել հասնել նրան, որ այդ լաբորատորիաների գործունեությունն իր համար թափանցիկ դառնա: ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներում կենսաբանական հետազոտություններ են արվում, այդտեղ ուսումնասիրվում են վիրուսներ։ Նման լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: