16 նոյեմբերի 2019 - 09:58 AMT
ՀՀ նախագահը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին 80-ամյակի առթիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Հարգելի պարոն Ամիրխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր երաժշտությունը կարողանում է աներևույթ ձգողական ուժով միմյանց ամուր կապել հնչյունը, բառը և մարդուն՝ ստեղծելով ներդաշնակ մի ամբողջություն: Պատահական չէ, որ Ձեր ստեղծագործությունները տասնամյակների ճանապարհ են անցել ՝ սիրելի դառնալով տարբեր սերունդների համար: Ինքս դեռ դպրոցական տարիներից հաճույքով եմ ունկնդրել Ձեր երգերը:

Կոմպոզիտորի այն մնայուն ձեռագիրը, որը բնորոշ է Ձեզ, ձևավորում է ուրույն ճաշակ և սեր երաժշտության, երգի և ընդհանրապես արվեստի հանդեպ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, ստեղծագործական անսպառ եռանդ և ամենայն բարիք»,- ասվում է նախագահի ուղերձում:

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի՝ Էդուարդ Միրզոյանի դասարանը:Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986 թվականին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013թթ. եղել է Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են օրինակ` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: