16 նոյեմբերի 2019 - 14:21 AMT
Կարապետյանը` քանդված հնձանի մասին. Կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան

Դալմայի այգիներում շինաշխատանքներ իրականացնող կառուցապատողը չի զգուշացվել, որ տարածքում արժեքավոր կառույցներ կան։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն` անդրադառնալով Դալմայում 16-17 դարերի գինու հնձանի քանդելու մասին ահազանգին:

«Առավոտյան գնացինք Դալմայի այգիներ՝ պարզելու երեկվա ահազանգի հանգամանքները։ Տարածքում առնվազն 3-4 հնձան կա, որ մասնագետները թվագրում են 18-19 դարերով։ Դրանցից ամենալավ պահպանվածը հիմա էլ կանգուն է։ Ցավոք սրտի, երեկ քանդվել է կառուցապատողի տարածքում գտնվող հնձաններից մեկը։ Պատճառը թերեւս այն է, որ պետությունը տարիներ շարունակ հրաժարվել է այն ներառել պատմաճարտարապետական հուշարձանների ցանկում, իսկ օտարման ժամանակ կառուցապատողը չի զգուշացվել, ոչ տարածքում արժեքավոր կառույցներ կան», ասվում է գրառման մեջ։

Կարապետյանը հավելել է, որ ևս առնվազն 2-3 կիսավեր հնձաններ կան։

«Կարծում եմ, դրանք ամուր իրավական պաշտպանության կարիք ունեն, անկախ ճարտարապետական արժանիքներից, դրանք Երեւանի պատմության վկայությունն են»,-ասվում է գրառման մեջ։