16 նոյեմբերի 2019 - 15:57 AMT
ՀՀ նախագահ. Սուրբ Ղազարն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու Մայրավանքի վանահայր Հ. Համազասպ վարդապետ Քեշիշյանի հետ` նշելով, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս հոգածության կարիքն ունի:

Նախագահն իր մտահոգությունն է հայտնել բնական աղետի ու հեղեղումների հետևանքով Վենետիկում, մասնավորապես, Սրբ Ղազար կղզում և նրա շրջակայքում ստեղծված իրավիճակի առիթով: Նա հետաքրքրվել է Սրբ Ղազարին, Մայրավանքին ու Մուրադ-Ռաֆայելյան վարժարանին պատճառված վնասներով և հնարավոր աջակցության տարբերակներով:

Վանահայրը Հայաստանի նախագահին մանրամասն տեղեկացրել է իրավիճակի մասին՝ հայտնելով, որ Մայրավանքի շենքն ու շրջակայքը, ինչպես նաև կղզու մոտ կառանած «Արմենիա» առագաստանավը զգալի վնասներ են կրել: Բարեբախտաբար, վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը և դիվանն անվնաս են մնացել: Արդեն իսկ սեփական ուժերով ձեռնամուխ են եղել որոշակի աշխատանքների իրականացմանը:

Իր զորակցությունը հայտնելով Մայրավանքի վանահորը և միաբանակից հայրերին, ում նվիրվածության ու ջանասիրության շնորհիվ պահպանվում են Սուրբ Ղազար կղզին և Մխիթարյանների ժառանգությունը, նախագահը նշել է, որ Սուրբ Ղազարն այսօր բոլորիս ուշադրության ու հոգածության կարիքն ունի և միասնականորեն պետք է նեցուկ լինենք մեր հոգևոր հարստության ու պատմամշակութային ժառանգության պահպանության գործին:

Հայր Համազասպ վարդապետ Քեշիշյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանին հեռախոսազանգի համար՝ նշելով, որ Հանրապետության նախագահի մտահոգության ու սրտացավության մեջ զգում և տեսնում են Հայաստանի պետության ու ողջ ժողովրդի աջակցությունը:

Հորդառատ անձրևների և անբերանպաստ եղանակի պատճառով Վենետիկում վերջին 50 տարում տեղի ունեցած ամենահզոր ջրհեղեղից տուժել է նաև Սբ Ղազար կղզին, որտեղ գտնվում է Մխիթարյան միաբանությունը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մխիթարյան միաբանության հայր Համազասպ Քեշիշյանը:

Վանքի մատենադարանը, պատկերասրահը, ձեռագրատունը չեն տուժել: