18 նոյեմբերի 2019 - 12:57 AMT
Արթուր Ալեքսանյանը՝ ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան:

«Երբ առաջարկեցին, ես միանգամից համաձայնեցի, որովհետև գիտեի, որ դա կապված է մեր երեխաների հետ: ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, ես պատրաստ եմ աջակցել ՅՈՒՆԻՍԵՖԻՆ՝ Հայաստանում պաշտպանել յուրաքանչյուր երեխայի առողջ ապրելու իրավունքը»,- ասել է նա, հայտնում է Shantnews.am-ը։

Մարզիկն ընդգծել է՝ յուրաքանչյուր երեխա իր երազանքերին ու նպատակներին հասնելու համար նախ պետք է առողջ լինի և առողջ սնվի: