18 նոյեմբերի 2019 - 15:11 AMT
ԵՄ-ն կպարզեցնի վիզային ռեժիմը Բելառուսի հետ

Եվրամիության Խորհուրդը հաստատել է Բելառուսի հետ մուտքի արտոնագրերի մասին համաձայնագիր կնքելու որոշումը: Ըստ փաստաթղթի, ԵՄ-ն պատրաստ է վիզային ռեժիմի պարզեցման մասին պայմանագիր կնքել Բելառուսի հետ:

Փաստաթղթով թույլատրվում է պայմանագիր կնքել պարզեցված ձևաչափի մասին: Նոր պայմաններով, վիզայի համար գանձումը Բելառուսի քաղաքացիների համար 60 եվրոյից կնվազի մինչև 32 եվրո, իսկ վիզայի տրամադրման մասին որոշումը կկայացվի 10 օրում:

Փաստաթղթում նաև անդրադարձ կա ԵՄ-Բելառուս հարաբերությունների տարբեր ասպեկտներին՝ մարդու իրավունքներին, մահապատժին, բարեփոխումներին: Հիշատակվում են նաև ապագա ֆինանսական հոսքերը Բելառուսի տնտեսություն, հայտնում է Lenta.ru-ն:

Փաստաթղթում նշվում է, որ վիզային ռեժիմի դյուրացումը կնպաստի քաղաքացիների շփումներին, ինչպես նաև գործարար կապերին:

2019-ի հուլիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ էր արել ԵՄ-ին ամրապնդել երկկողմ կապերը և շնորհակալություն էր հայտնել եվրոպական կառույցներին ներդրումային օժանդակության համար: