19 նոյեմբերի 2019 - 10:20 AMT
Խաշմանյան. ՀՀ-Իտալիա խաղի կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի հետ խաղում 9:1 հաշվով պարտությունից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ այդ կատարյալ ֆիասկոն արտացոլում է հայկական ֆուտբոլի իրավիճակը:

Նա նշել է, որ հավաքականի ղեկը ստանձնելուց պատկերացրել է, որ կարող է նման բան լինել, հայտնում է Panorama.am-ը:

«Կարելի է ասել, որ ամբողջ հարվածը վերցրել եմ ինձ վրա։ Այսօր միգուցե սխալ է ասել, որ մենք ազգային հավաքականով էինք ներկայացել, այլ ներկայացել էինք ուղղակի հավաքականով, որովհետև հավաքականի գրեթե ամբողջ հիմնական կազմը խնդիրների, վնասվածքների պատճառով չկա։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ այս ամենի մեղքը իմն է, ես պատրաստ եմ վաղն ամեն ինչ վերջացնել։ Եթե ղեկավարությունը կորոշի, որ ես շարունակեմ աշխատանքները, ես ամեն ինչ, ամբողջովին պետք է փոխեմ, որովհետև, ըստ իս, ոչ մի բան չի համապատասխանում ազգային հավաքականին, անգամ մտածելակերպը»,- ասել է Ա. Խաշմանյանը։

Նա նշել է, որ նման հաշվով պարտություններից հետո ոչ մի պատճառաբանություն չի կարելի բերել և ինքն ասել է այն ամենը, ինչ մտածում է:

Եվրո-2020-ի J խմբում Հայաստանի թիմը գրավել է նախավերջին տեղը՝ անցնելով միայն Լիխտենշտեյնին։

Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել նոյեմբերի 6-ից: Պայմանագիրը նախատեսված է մինչև 2020 թ. նոյեմբերի 30-ը: