19 նոյեմբերի 2019 - 11:19 AMT
Չավուշօղլու. Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայում

Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, քանի որ Ռուսաստանն ու քրդական ռազմական կազմավորումները չեն կատարում պայմանավորվածությունները: Այդ մասին նոյեմբերի 18-ին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Եթե մենք չստանանք ցանկալի արդյունքը, կանենք այն, ինչ պահանջվում է, ինչպես նախկինում էինք անում: Այլ ելք չկա: Մենք պետք է վերացնենք ահաբեկչության սպառնալիքը մեր հարևանությամբ»,-հայտարարել է նա: Թուրքիան կարծում է, որ պայմանավորվածություններին հակառակ, քրդական YPG-ի ոչ բոլոր ջոկատներն են հեռացել սահմանամերձ տարածքից, գրում է Deutsche Welle-ն:

Նոյեմբերի 1-ին Թուրքիան և Ռուսաստանը սկսել են համատեղ պարեկությունը թուրք-սիրիական սահմանի շրջանում: Համատեղ պարեկությունը իրականացվում է ըստ ՌԴ և Թուրքիայի միջև ստորագրված հուշագրի՝ այն կնքվել է 2019-ի հոկտեմբերի 22-ին Սոչիում: Ըստ այդ պայմանավորվածության YPG-ի քուրդ մարտիկները պետք է մինչև հոկտեմբերի 29-ը հեռանային անվտանգության 30 կիլոմետրանոց գոտուց: ՌԴ-ն հայտարարել է, որ պայմանավորվածությունը կատարվել է:

Հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել էր Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ և Ռաս էլ Այն քաղաքներին: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Թուրքիայի ԶՈՒ-ն և «Սիրիայի ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումը «Խաղաղության ակունք» գործողության շրջանակում ցամաքային հարձակում են սկսել Եփրատ գետի արևելքում: