19 նոյեմբերի 2019 - 12:18 AMT
Չավուշօղլու. ՀՀ-ն պետք է ԼՂ հարցում կառուցողական դիրքորոշում որդեգրի

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, խորհրդարանի ամբիոնից խոսելով իր ղեկավարած գերատեսչության 2020-ի առաջնահերթությունների և Արցախի հակամարտության մասին, ասել է, որ «Հայաստանը պետք է կառուցողական դիրքորոշում որդեգրի ու Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն ուղղված կոնկրետ քայլեր անի»:

Թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին խոսքում Թուրքիայի գլխավոր դիվանագետն անդրադարձել է Արցախի հակամարտությանը` ևս մեկ անգամ այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնելով Ադրբեջանին, հայտնում է Ermenihaber-ը:

Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան ցանկանում է Հարավային Կովկասում խաղաղություն ու կայունություն տեսնել:

Նախարարն անդրադարձել է նաև Վրաստանի հետ հարաբերություններին՝ շեշտելով, որ դրանք ավելի են ամրապնդվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի, Թանափ (Տրանսանատոլիական) գազատարի և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծերով: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հակամարտությունների վերաբերյալ էլ հայտարարել է, որ Անկարան աջակցում է դրանց լուծմանը Վրաստանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է նաև, որ Թուրքիան կարող է վերսկսել ռազմական գործողությունը Սիրիայի տարածքում, քանի որ Ռուսաստանն ու քրդական ռազմական կազմավորումները չեն կատարում պայմանավորվածությունները: