10 նոյեմբերի 2008 - 18:00 AMT
Հավանաբար, ապրիլին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կընդունվի ԱՄՆ Կոնգրեսում, կարծում են Թուրքիայում
«ԱՄՆ նորընտիր նախագահ Բարաք Օբաման եւ փոխնախագահ Ջո Բայդենը ընտրվել են ԱՄՆ-ի այն նահանգներից, որտեղ բնակվում են ազդեցիկ հայկական եւ հունական համայնքներ»,-հայտարարել է Թուրքիայի Սաբանչի համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Սաբրի Սայարին` հավելելով, որ ԱՄՆ-ի հայերն ու հույները տարիներ շարունակ համատեղ աշխատում են, որպեսզի ԱՄՆ-ն ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Ըստ Սայարիի, ամենայն հավանականությամբ, 2009թ. ապրիլին 106-րդ բանաձեւը կընդունվի Կոնգրեսում, քանի որ ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը կողմ են այդ փաստաթղթի ընդունմանը: Նրա կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը, հնարավոր է, որոշակի հավասարակշռություն առաջացնի երկկողմ հարաբերություններում, սակայն դա չի անդրադառնա հայկական սփյուռքի դիրքորոշման վրա: «1999թ. հարաբերությունները Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ կարգավորվեցին եւ այժմ երկկողմ հարաբերությունները բավականին ջերմ են, սակայն Ամերիկայի հունական համայնքը շարունակում է քննադատել Թուրքիային, եւ իմ կարծիքով, առաջխաղացումը հայ-թուրքական հարաբերություններում չի անդրադառնա ԱՄՆ-ի հայ համայնքի դիրքորոշման վրա»,-նշել է Սաբրի Սայարին, հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը: