20 նոյեմբերի 2019 - 12:44 AMT
Samsung-ը ճկուն էկրանով ևս մեկ սմարթֆոն է թողարկել

Samsung ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է World Series - W20 5G սմարթֆոնը: Սա ընկերության երկրորդ գաջեթն է ծալովի էկրակով, և երրորդը՝ 5-րդ սերնդի ցանցերի գործակցությամբ:

Նոր սարքի շնորհանդեսը տեղի է ունեցել Չինաստանում: W20 5G-ն ունի ծալվող 7,3 դյույմանոց Infinity Flex Display QXGA+ էկրան, 2152×1536 պիքսել թողունակությամբ: Սելֆի տեսախցիկն ու սենսորները վերին աջ անկյունում են տեղադրված, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:

Արտաքին 4,6 դյույմանոց Super AMOLED HD+ դիսփլեյն ունի 1680×720 պիքսել թողունակություն: Գաջեթը հագեցած է 3 մոդուլանի հիմնական տեսախցիկով՝ լայնանկյուն 12 Մպ, գերլայնանկյուն 16 Մպ և 12 Մպ զում:

Samsung W20 5G-ն ունի Qualcomm Snapdragon 855 պրոցեսոր, կամ Snapdragon 855 Plus: Օպերատիվ հիշողության ծավալը 12 ԳԲ է, ներկառուցվածը՝ 512 ԳԲ: Մարտկոցի ծավալը 4235 մԱժ է:

Սմարթֆոնի հետ միասին օգտատերերին բազմաթիվ VIP ծառայություններ հասանելի կդառնան: Գաջեթը թողարկվել է China Telecom բջջային օպերատորի հետ համատեղ: Գինն ու թողարկման հստակ ժամկետը դեռ չի հրապարակվել:

Ընկերության առաջին ծալովի սմարթֆոնը՝ Samsung Galaxy Fold-ն է: Սարքը կարող է ծալվել էկրանով դեպի ներս և ունի նմանատիպ չափսեր և պարամետրեր: