21 նոյեմբերի 2019 - 16:09 AMT
Փրկարար ծառայության տնօրեն. «Դոլմամայի» տանիքի հրդեհը մարդկային գործոնի արդյունք է, տուժածներ չկան

«Դոլմամա» ռեստորանի տանիքում բռնկված հրդեհի բուն պատճառն առայժմ հայտնի չէ, բայց միանշանակ կարելի է ասել, որ այն մարդկային գործոնի արդյունք է: Այս մասին, Factor tv-ի փոխանցմամբ, ասել է Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը՝ հավելելով, որ հնարավոր է՝ հրդեհային անվտանգության կանոններն ապահովված չլինեն,տեխնիկական առումով՝ լարեր սխալ միացված լինեն:

Վրեժ Գաբրիելյանը նշել է, որ ողջ տարածքը կառուցատարներով՝ 500 մետր քառակուսի է, դրանից 50-ն այրվել է մինչև հրշեջների գալը, հրդեհաշիջման ընթացքում ևս 200 մետր քառակուսի է այրվել:

Նրա խոսքով՝ դեռ ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ, տուժածներ չկան:

«Ուժերը բավարար են, ջրի մատակարարումը բավարար է, ոչ մի խնդիր չկա, մեծ հրդեհ է, միանգամից մարել հնարավոր չէ: Պետք է նախ մեկուսացնել, որ չտարածվի, ապա մեկուսացված տարածքում ակտիվ հրդեհաշիջում իրականացնել: Հրդեհը ոչ մի կողմի վրա չի կարող տարածվել: Դեպի ներքև զարգանալ չի կարող»,-ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ իրենք ահազանգ ստացել են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից:

Դեպքի վայրում գտնվող արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ շենքի ներսում դեռ կրակ կա, հրշեջները կփորձեն այն հանգցնել տանիքում: Նախարարի խոսքով՝ այս պահին տեղում աշխատում է 2 ավտոսանդուղք և 10 մարտական հաշվարկ:

Կարդացեք նաև՝«Դոլմամա» ռեստորանի տանիքում խոշոր հրդեհ է