11 նոյեմբերի 2008 - 17:05 AMT
Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հնարավոր հանդիպմանը Իլհամ Ալիեւը ներկա չի լինելու
Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուելի հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման շրջանակներում քննարկվել են Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների հերթական երկկողմ հանդիպման անցկացման հնարավորությունները: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը` հիշեցնելով Հայաստանի նախագահի խոսքերն այն մասին, որ վերջերս նա հանդիպում է ունեցել Իլհամ Ալիեւի հետ եւ առայժմ նոր հանդիպման մեջ իմաստ չի տեսնում:

Դրա հետ մոկտեղ Սերժ Սարգսյանը Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպումը հնարավոր է: Նրա խոսքերով, ներկայումս հանդիպում է ծրագրված 2009թ. հոկտեմբերին, երբ Ստամբուլում կկայանա Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների միջեւ պատասխան-խաղը: Բայց Հայաստանի նախագահը չի բացառում, որ եւս մեկ հանդիպում Աբդուլլա Գյուլի հետ կարող է եւ ավելի վաղ կայանալ:

Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուլուսի Կըլըչը Բաքվում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մինչեւ այս տարվա վերջը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հանդիպում կկայանա, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ավելի վաղ որոշ թուրքական ԶԼՄ-ներ հաղորդել էին, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը հանդես է եկել մոտ ապագայում Ստամբուլում Հայաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ գագաթաժողովի կազմակերպման նախաձեռնությամբ: Իր մտադրության մասին Թուրքիայի նախագահը հայտնել է Իլհամ Ալիեւի` Անկարա կատարած այցի ժամանակ, եւ Ադրբեջանի ղեկավարն արդեն տվել է իր համաձայնությունը հանդիպման անցկացման համար:

Ավելի ուշ Թուրքիայի ԱԳՆ մամլո քարտուղար Բուրակ Օզուգերգինը հայտնել է, որ Անկարան չի ծրագրում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի եռակողմ հանդիպման կազմակերպում: Նրա խոսքերով, որոշ ԶԼՄ-ներրի կողմից տարածված տեղեկատվությունը հեռու է իրականությունից: «Իհարկե, մենք ողջունելու ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների այցերը: Բայց եռակողմ հանդիպման նախապատրաստման վերաբերյալ ոչ մի ծրագրեր ներկա պահին չկան»,- նշել է նա: