22 նոյեմբերի 2019 - 11:06 AMT
Բրեգովիչի նոյեմբերի 24-ի համերգը չեղարկվել է

Նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա: Այդ մասին հայտնել է համերգի կազմակերպիչ AVM production ընկերությունը:

«Ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: Սակայն ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի արդյունքում: Հանդիսատեսի նման վարվելակերպը ընկերությունը թեև չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Ինչպես բոլորիդ արդեն հայտնի է համատարած գովազդից, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ հետ է վերադարձվել մեր կողմից կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը»,-ասվում է ընկերության տնօրինության հայտարարության մեջ :

Վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը:

Բրեգովիչն առաջին անգամ համերգ է տվել Հայաստանում 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա համերգ է տվել Երևանում իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Հանդիսանում է Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակը, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։