22 նոյեմբերի 2019 - 14:05 AMT
ԱԱԽ. Միլանում ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը պրովոկացիայի ևս մեկ փորձ էր

Միլանի հայկական եկեղեցում հայ համայնքի հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը ադրբեջանցու մասնակցությամբ միջադեպը հրապարակային պրովոկացիայի ևս մեկ փորձ էր։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Միլանում տեղի ունեցած միջադեպին, երբ ադրբեջանցին մտել էր հայկական եկեղեցի ու հարց ուղղել վարչապետին։

«Նմանատիպ պրովոկացիաները միջազգային հարթակներում պարբերաբար են լինում ՀՀ բոլոր պատվիրակությունների հետ»,- նշել է ԱԽ քարտուղարը, հայտնում է Panorama.am-ը:

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ հանդիպումը բաց է եղել, բնականաբար, հայեր էին հրավիրված, բայց այնպես չէր, որ միայն հայերը կարող էին մտնել։

«Բաց հանդիպմանը բնականաբար ստուգումներ եղել են, բայց անհատական չի ստուգվել, և այստեղ ես խորքային խնդիր չեմ տեսնում։ Միջոցառմանը մասնակից դառնալու համար, բնականաբար, որոշակի վերահսկողություն կար, բայց լուրջ ֆիզիկական վտանգ այնտեղ չի եղել, պարզապես բաց հանդիպում էր, դրա համար համընդհանուր ստուգումներ չեն եղել նույնիսկ անձի մակարդակով, թե ով էր մասնակցում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ արդյոք ուսումնասիրություններ արել են, թե ով էր «բլոգեր» ներկայացած անձը, ինչ նպատակով էր այնտեղ, ԱԽ քարտուղարը նշել է, որ այդ անհատը մասնակցել է Բաքվում ցույցերի ցրմանը, աշխատել է նաև ադրբեջանական հասարակության դեմ. «Մաքսիմում հրապարակային նրա մասին ամեն ինչ պարզ է»։

Դիտարկմանը, թե շատերն այն կարծիքի են, որ ԱԱԾ պետական պահպանության ծառայության նախկին պետ Գրիգորի Հայրապետովի հեռացվելուց հետո նրան արժանի փոխարինող չկա, և այս միջադեպը պայմանավորված է նաև դրանով՝ ԱԽ քարտուղարն ասել է, որ միջադեպն ընդհանրապես դրա հետ կապ չունի, անվտանգության ծառայություններն ունեն ինստիտուցիոնալ կարողություններ և դրանք անձերի վրա հիմնված չեն։

«Ընդհանրապես մեր հասարակությունում այդպիսի քննարկումներ շատ են եղել, որ եթե մենք փոխենք անվտանգության պատասխանատուին, ապա հնարավոր չի լինի անվտանգությունն ապահովել։ Այդ քննարկումը եղել է նույնիսկ մինչև 2018 թվականը, երբ նույնիսկ մարդիկ վարչապետի հայտ են ներկայացրել զուտ անվտանգության տեսանկյունից՝ ներկայանալով, որ նրանք են միայն անվտանգության պատասխանատուն, բայց պատմությունը ցույց տվեց, որ առանց նրանց ավելի լավ է երկրի անվտանգությունն ապահովվում»,- ասել է Արմեն Գրիգորյանը։

Լրագրողի այն հարցին՝ տեղյակ է, թե ո՞րն է եղել Հայրապետովի հեռացման պատճառը՝ ԱԽ քարտուղարը նշել է, որ այն, ինչ հրապարակային ասվել է նրա հեռացման մասին, դրանից ավելի որևէ բան չի կարող ասել։

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ եկեղեցի է մտել ադրբեջանցի մի բլոգեր և դիմելով վարչապետին՝ խնդրել դադարեցնել պատերազմը։ «Մեզ այս պատերազմը պետք չէ, մենք ուզում ենք ժողովրդավարություն, մենք ուզում ենք մեր հայրենիքը, մեր հողը, ազատեք, խնդրում եմ, մեր հողը: Ազատեք մեր հողը, որ ես կարողանամ տեսնել իմ Շուշին, իմ Խոջալուն»,-ասել է բլոգերը:

Նրա խոսքից հետո եկեղեցում փոքր-ինչ իրարանցում է սկսվել, տեղի հայերը սկզբում թույլ չեն տվել որ բոլգերն արտահայտվի, սակայն Փաշինյանը խնդրել է հանդարտություն պահպանել և թողնել, որ ադրբեջանցին խոսի։«Փաստ է, որ դուք` լինելով ադրբեջանցի, մտել եք հայկական եկեղեցի, որտեղ գտնվում են հայեր, և հարց տվեցիք Հայաստանի վարչապետին: Ես ուզում եմ արձանագրել, որ չէր լինի հնարավորություն, որ հայը հնարավորություն ունենար մտնել միջոցառման, որտեղ ներկա է Ադրբեջանի նախագահը և նրան հարց տալ»,- ասել է վարչապետը։