22 նոյեմբերի 2019 - 16:25 AMT
ՀՀ-ն դեռ քննարկում է The Global Fund-ին $15 մլն նվիրաբերելու հարցը

ԱԺ-ում քննարկվող` պետբյուջեի նախագծով ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով զբաղվող The Global Fund-ին գումար հատկացնելու համար 2020 թվականին միջոցներ նախատեսված չեն: Այս մասին PanARMENIAN.Net-ի հարցմանն ի պատասխան՝ ասել են ֆինանսների նախարարությունից: Նախարարությունից նշել են, որ հաջորդ երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին, The Global Fund-ին բյուջեից գումար տրամադրելու հարցը քննարկման փուլում է:

The Global Fund ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամ է:

Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած խորհրդաժողովի ընթացքում ներկայացված զեկույցի համաձայն, The Global Fund-ի տվյալներով՝ հաջորդ երեք տարվա ընթացքում Հայաստանը խոստացել է հիմնադրամին փոխանցել $15 մլն:

Հոկտեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, վերջինս անդրադարձել էր ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի, թոքախտի և մալարիայի դեմ պայքարի հարցերով գլոբալ հիմնադրամի՝ այդ օրերին Լիոնում ընթացող հերթական կոնֆերանսին: Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել միանալ հիմնադրամին ու ամենայն աջակցություն ցուցաբերել դրա գործունեությանը: