22 նոյեմբերի 2019 - 18:59 AMT
ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ցուցարարները պատրաստ են նրա հետ հանդիպման

Հայոց լեզուն դպրոցում 12 տարի սովորելը բավարար է, սակայն բուհերում մասնագիտական հայերեն է անհրաժեշտ: Այս մասին ասել են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դիմաց հայտարարությամբ հանդես եկող երիտասարդները, ովքեր պահանջում են նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ցուցարարները ներկայացրել են իրենց պահանջները և նշել, որ պատրաստ են նախարարի հետ հրապարակային հանդիպում, քննարկման:

«Որտե՞ղ, եթե ոչ բուհերում պետք է սովորեն մասնագիտական հայերեն, և ո՞վ, եթե ոչ պետությունը պետք է կարգավորի այս հարցը»,-ասել է ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ հայերենը պետք է դառնա գիտության և ակադեմիական լեզու:

Մի քանի օր է ուսանողները դասադուլ և բողոքի ցույցեր են իրականացնում՝ ընդդեմ բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն» առարկաների կամընտրական դառնալուն ուղղված օրենքի նախագծին: Նրանց կարծիքով՝ հայագիտական առարկաների դասավանդումը բուհերում պետք է լինի պարտադիր, դա նաև ազգային արժեքներին և դիմագծին է առնչվում: