25 նոյեմբերի 2019 - 11:36 AMT
Գործադուլի մասնակցած ՀԿԵ աշխատակիցների հանդեպ կարգապահական տույժեր չեն կիրառվի

Գործադուլի մասնակցած «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ աշխատակիցների հանդեպ կարգապահական տույժեր չեն կիրառվի: Այդ մասին ասվում է ՀԿԵ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նոյեմբերի 22-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ղեկավարությունը, ընկերության արհմիության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տեղական իշխանությունների ներկայացուցիչները հանդիպել են Գյումրիի դեպոյի և երևանյան տեղամասի լոկոմոտիվային բրիգադների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀԿԵ ձեռնարկությունների ղեկավարներն ու աշխատողները:

Նշվում է, որ հոկտեմբերի 22-24-ին լոկոմոտիվային բրիգադները, խախտելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին նորմատիվները, դուրս չէին եկել աշխատանքի: Համարելով, որ աշխատողների մեծամասնությունը դիտավորյալ մոլորեցվել է, ընկերությունը չի իրականացնի ՀՀ օրենսդրությունը խախտած դեպոյի 93 աշխատողներին աշխատանքից ազատելու իր իրավունքը:

Սակայն կրկնակի խախտման դեպքում ընկերությունը իրավունք է վերապահում կիրառել գործող օրենսդրական նորմերը՝ ընդհուպ աշխատանքից ազատումը:

Ընկերությունը հաստատել է Հարավկովկասյան երկաթուղու բոլոր աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը 10%-ով նոյեմբերի 1-ից: