25 նոյեմբերի 2019 - 15:59 AMT
ԱԳՆ. Սումգայիթյան ջարդերը փաստագրված են՝ Բաքվի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է

Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերի մասին, որտեղ վերջինս հայերին է մեղադրել դրանում:

Ադրբեջանի նախագահը Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառմանը հանդես է եկել ընդարձակ ելույթով, որտեղ անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերին, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած հակահայկական ջարդերին: Ադրբեջանի նախագահը նաև բացահայտել է խորհրդային շրջանում ԼՂ-ում ժողովրդագրական պատկերը փոխելու հետևողական քաղաքականության առկայությունը և ափսոսանքով է խոսել այդ քաղաքականության ոչ լիակատար իրագործման կապակցությամբ:

«Հայաստանը դատապարտում է ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով ԼՂ հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին:

Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988-ին և այսօր:

Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրսաստմանը»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ խորհրդային տարիներին Լեռնային Ղարաբաղում բնակչության տոկոսային հարաբերակցությունը հօգուտ ադրբեջանցիների միտումնավոր փոխելու նպատակադրված քաղաքականություն է իրականացվել: Նա այդ մասին ասել է Սումգայիթի 70-ամյակին նվիրված միջոցառմանն ունեցած ելույթում:«Մեծն Հեյդար Ալիևի օրոք ադրբեջանական բնակչության տոկոսակային հարաբերակցությունը Լեռնային Ղարաբաղում կտրուկ աճել է՝ կնկնապատկվել»,-ասել է նա: