25 նոյեմբերի 2019 - 16:55 AMT
Անանյան. ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵՏՄ-ին նույն էլեկտրոնային կնիքներից օգտվել

ՀՀ-ն առաջարկում է Վրաստանին և ԵՏՄ-ին նույն էլեկտրոնային կնիքներից օգտվել: Այդ մասին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է խորհրդարանում՝ խոսելով այն մասին, թե ինչ է արվում, որպեսզի սահմանին ֆիտոսանիտարական լաբորատորիայի հետ կապված խնդիրները լուծվեն, որպեսզի հայաստանյան լաբորատորիաներում տրված հավաստագրերը գործող լինեն թե´ Վրաստանում, թե´ ԵՏՄ տարածքում:

«Մեր նպատակն է ԵՏՄ շրջանակում ապրանքների հետագծելիության ամբողջ ցիկլն ապահովելու համար էլեկտրոնային կնիքներ օգտագործել: Եթե մինևնույն էլեկտրոնային կնիքների կամ պլոմբների կիրառման պրակտիկա ունենանք թե Վրաստանի, թե ԵՏՄ երկների հետ, այդ դեպքում ՀՀ-ից դուրս եկած բեռն անարգել Վրաստանի տարածքով կմտնի ՌԴ-ի տարածք՝ առանց որևէ լրացուցիչ վերահսկողության գործընթացների ենթարկվելու»,- ասել է Դավիթ Անանյանը, հայտնում է Shantnews.am-ը:

Նա հավելել է, որ «Սպայկայի» օրինակից ելնելով՝ նախորդ շաբաթ Երևանում կազմակերպված տարածաշրջանային ֆորումի շրջանակներում վրացի գործընկերների հետ համաձայնագիր են կնքել մաքսային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, նաև մտադրությունների հուշագիր են ստորագրել էլեկտրոնային կնիքների կամ էլեկտրոնային փականների կիրառման վերաբերյալ:

Անանյանը նշել է նաև, որ ֆիտոսանիտարակա լաբորատոր ծառայությունների վերազինման խնդիր է դրված: «ՊԵԿ ռազմավարական զարգացման պլանում մենք նախատեսել ենք նոր լաբորատորիաներ ստեղծել, կապիտալ ներդրումներ պետք է անել, լինելու են մաքսային և հարկային հսկողություն իրականացնելու համար, որոնք կարող է նաև ծառայություններ մատուցել պետական մյուս մարմիններին, եթե անհրաժեշտություն առաջանա»,-ասել է նա:

Նոյեմբերի 11-ին «Սպայկա» ընկերությանը պատկանող մեքենան, որը բեռնված էր եղել ընդհանուր առմամբ 21 տոննա պանրով, Վերին Լարսի մաքսակետում 24 օր մնալուց հետո հետ էր վերադարձել Հայաստան, քանի որ մաքսատանն արգելել էին բեռը Ռուսաստանի Դաշնության տարածք ուղարկել: Բեռը հետ ուղարկելու պատճառն այն էր, որ մաքսատանը էլեկտրոնային փոստով ստացել էին փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշված է եղել՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»: