26 նոյեմբերի 2019 - 12:44 AMT
Փաշինյան. Անկախ դատական համակարգի կայացումն առաջնային մարտահրավեր է

Հայաստանի մեծագույն մարտահրավերն անկախ դատական համակարգի կայացումն է: Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի 15 ամյակին նվիրված համաժողովի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

«ՀՀ-ում մենք արձանագրում ենք, որ օրենսդիր ու գործադիր իշխանությանը զուգահեռ դատական իշխանությունն է նաև, որ նպաստել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումներին: Այսօր մեզ համար առաջնային մարտահրավեր է ունենալ անկախ դատական համակարգ: Ուզում եմ արձանագրել կառավարության կամքը՝ մեզ ամենևին չի հետաքրքրում հսկողության տակ գտնվող դատական համակարգը և մենք սկզբունքորեն դեմ ենք վերահսողության տակ գտնվող դատական համակարգ ունենալուն»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Հայաստանում դատական համակարգը պետք է ենթարկվի խորքային, բավանդակային փոփոխությունների:

Վարչապետի խոսքով՝ այսօր մեծ խնդիրներ կան նաև իրավական համակարգի աշխատանքի հետ կապված: Փաշինյանը կարևորել է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը և հիշեցրել՝ նախկին 3 պաշտպանները իրենց պաշտոնավարման ժամկետից շուտ են հեռացել՝ իշխանությունների հետ հակասության պատճառով: