27 նոյեմբերի 2019 - 12:04 AMT
ԱՄՆ Կոլումբիայի շրջանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այդ մասին հայտնել է Ամերիկայի հայկական համագումարը:

Կոլումբիայի շրջանում է գտնվում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնը:

Բանաձևը կոչ է անում «ճանաչել և իմաստավորել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը»՝ կարևորելով Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագրերի իրականացումը:

«Ամերիկայի հայկական համագումարը ողջունում է բանաձևի ընդունումը, հատկապես այն փաստը, որ շեշտը դրվում է կրթության կարևորության վրա»,-հայտարարել է ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Այսպիսով ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։