27 նոյեմբերի 2019 - 14:52 AMT
Թուրքիայի ԱԽ նիստում Հայոց ցեղասպանության հարցն են քննարկել

Նոյեմբերի 26-ին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Չորս ժամ տևած նիստի ավարտին արդյունքներն ամփոփող հայտարարություն է արվել, որից պարզ է դարձել, որ նիստին քննարկվել է նաև տարբեր երկրների օրենսդրական մարմինների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումների թեման:

Հայտարարության՝ ցեղասպանության թեմայի վերաբերյալ հատվածում մասնավորապես ասվում է.«Խստորեն դատապարտվել է 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է», հայտնում է Ermenihaber-ը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «խաղաղության ակունք» գործողության, անվտանգության գոտու հիմնման հետ կապված հարցեր: Նշվել է, որ «ահաբեկիչներին ոչնչացնելու ու տեղահանված սիրիացիների վերադարձի համար հարմար պայմաններստեղծելու նպատակով սկսված» գործողությունը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև կհասնի իր նպատակին:

ԱՄՆ Կոլումբիայի շրջանը հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:Այսպիսով ԱՄՆ Կոլումբիայի շրջանը միացավ ԱՄՆ 49 նահանգներին և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Թիվ 296 բանաձևն ընդունվել է 405 «կողմ» և 11 «դեմ» ձայներով։